Մայր Աթոռի տարածքում այսօր իրավապահներ չեն երևացել: Վարչապետ Փաշինյանին էլ չեն տեսել, նա այսօր հայտարարել է՝ վեհարանի ազատագրումն անձամբ կառաջնորդի:
«Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարևորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության ի սպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը», - նշել է վարչապետը։
Առավոտից այստեղ անհանգստություն կար, առիթը Փաշինյանի նաև երեկվա գրառումն էր. ազդարարել էր, որ Վաղարշապատում իրավապահների համար փակ տարածք չկա, եթե Մայր Աթոռում կիսում են ռազմական հեղաշրջման պլանները: Ընդդիմությունը Վեհարանը, այսինքն, այն վայրը, որտեղ աշխատում ու ապրում է Ամենայն հայոց կաթողիկոսը, խուզարկելու ծրագրի մասին էր գրում, նաև որոշ եպիսկոպոսների տներ: Մայր Աթոռի միաբաններն ապրում են հենց եկեղեցու տարածքում միաբանության շենքում՝ այստեղ հատուկ ցուցանակներ են՝ մուտքը խստիվ արգելվում է: Անշուշտ գրառումն իրավապահների համար չէ՝ գիտի Մայր Աթոռի դիվանապետը: Փաշինյանի հռչակած ազատագրական պայքարն ինչո՞վ կավարտվի, որևէ մարգարեություն չունի:
Աշխարհի 12 երկրների 356 եկեղեցիներ ու 580 միլիոն քրիստոնյաների միավորող կառույցը՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն է այսօր համերաշխություն հայտնել Հայ առաքելական եկեղեցուն:
Խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյն է հայտարարություն տարածել. - «Սուրբ վայրերի նկատմամբ ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության առնչությամբ։ Մենք նաև գիտակցում ենք այն ազդեցությունը, որ հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին»։
Կառույցը կոչ է անում Հայաստանի կառավարությանը թիրախավորումից ու թշնամանքի հրահրումից հեռու մնալ ու երկխոսել: «Շարունակում ենք աղոթել Հայաստանի առաջնորդների իմաստության և խորաթափանցության համար», - գրել է եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը:
Քաղաքացիները դեռ լավ չեն պատկերացնում, թե ինչպե՞ս է Հայաստանի վարչապետը կյանքի կոչելու կաթողիկոսին փոխելու, իր ձևակերպմամբ, Էջմիածնի ազատագրման ծրագիրը: Ի դեպ՝ իշխանականներն էլ առայժմ կաթողիկոսին համոզելուց, հորդորելուց, կոչ անելուց բացի այլ տարբերակ չեն գտնում:
Ջուլիետա Կարապետյանը վստահ է՝ ոչ թե Փաշինյանի գործն է կաթողիկոսի ճակատագիրը, այլև՝ վերևի. - «Աստված կորոշի՝ ով կմնա, ով կգնա»:
Մեկ այլ կին էլ Ամենայն հայոց կաթողիկոսի երկրպագուն չէ, գուցե կուսակրոնության ուխտը խախտել է, կասկածում է: Միայն թե, ասում է, իշխանության ի՞նչ գործն է, թող եկեղեցականներն իրենց մեջ քննարկեն, փոխեն:
Ավելին՝ տեսանյութում