Իրավապահներն այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ անդամների տներում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի: Կան ձերբակալվածներ:
13:59
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է, որ «դաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել»։
«Առգրավված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում՝ նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ», - ասված է հայտարարությունում
12:10
«Երևան քաղաքի քննչական վարչությունում գտնվող անձանց սահմանադրական իրավաբանական օգնության իրավունքն արդեն խախտված է», - հայտարարում են ձերբակալվածների փաստաբանները:
«Մենք՝ փաստաբաններս որոշեցինք, որ մենք չունենք այստեղ անելիք, որովհետև սա հերթական ապօրինի շոուն է լինելու, սա հերթական ինչ-որ իբր ահաբեկչական խմբավորում հայտնաբերելն է լինելու ու այն հանգամանքը, որ մենք արդեն 3-րդ ժամն է՝ արևի տակ կանգնած ենք, նույնիսկ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել, որ մենք գործենք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք չենք ցանկանում լեգիտիմացնել մեր գործողությամբ այս պահին իրականացվող ապօրինությունը, մենք հեռանում ենք այստեղից», - ասաց փաստաբաններից Հարությունյանը:
Հարցազրույցի ընթացքում կադրերում երևում է, որ ոստիկանը դուրս է գալիս ու հրավիրում է ներս փաստաբաններին, սակայն նրանք հրաժարվեցին՝ նշելով, որ իրենք չեն կարող տրվել «Քննչական կոմիտեի կապրիզներին ու ներս մտնել», պետք է ամեն ինչ արվեր օրենքով, ինչը չի արվել:
11:59
Տարոն Մանուկյանի փաստաբան Աբգար Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավապահներն այս քրեական գործը կապում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործի հետ:
Քննչական կոմիտեն պնդում է, թե Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Այս գործով մեղադրյալ է նաև Տավուշի թեմի նախկին առաջնորդը, ով դատարանի որոշմամբ՝ կալանավորվեց երկու ամսով:
11:53
Քննչական կոմիտեն հայտնում է, որ ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է:
11:38
«Սա հերթական օրինակն է, այս իշխանությունն այնքան վախերի մեջ է և ռեպրոսիաները, որ շարունակվում են իրենց վախերի արդյունքն է», - լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը:
«Խորհրդանշական օրերը շար կարևոր են՝ որ օրն ինչ է անում: Մայր Աթոռ ներխուժելու, Էրդողանի հետ հանդիպման օրը ձերբակալություն, այսօր Ալիևի հետ է հանդիպում ու պետք է հիշեք, որ ադրբեջանցիներն ու թուրքերը պարբերաբար խոսում են Հայաստանում ռևանշիզմն արմատախիլ անելու, թույլ չտալու մասին: Բնականաբար, երբ խոսում են, առաջինն աչքներին գալիս է Դաշնակցությունը», - նշեց Մանուկյանը:
11:14
Փաստաբանների փոխանցմամբ՝ կա առնվազն չորս ձերբակալված: Նրանց թվում են՝ Տարոն Մանուկյանը, Գևորգ Մուրադյանը, Վահագն Մատինյանը, չորրորդի անունը Անդրանիկ է, ազգանունը հայտնի չէ:
Փաստաբաններին չեն թույլատրում մտնել Քննչականի տարած, թե ինչո՞ւ, իրավապահները չեն հայտնում:
Նրանք ձերբակալված են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով (ահաբեկչությունը) հարուցված քրեական գործի շրջանակում:
11:08
ՄԻՊ-ը հայտարարել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:
10:14
Գեղամ Մանուկյանն էլ մանրամասնել է. - «Ցանկանում էին առգրավել հեռախոսս, բացատրեցին, որ Ազգային ժողովի պատգամավորի անձնական իրերն իրավունք չունեն, դատական որոշման մեջ էլ չկար հիշատակում: «Երկիր մեդիա»-ի կասետներից տարան, որի վրա գրված էր «կնունք», համակարգիչներից մեկը տարան, Տարոնի հեռախոսը: Զննեցին հեռախոսս, հետաքրքրեց մի անուն, որը հիմա քաղաքական իշխանական շրջանակներով փորձում են թիրախավորել: Փորձեցին բռնի ուժով բան անել, փորձեցի թույլ չտալ, ուղղակի շատ էին, հեռախոսս առգրավեցին: Տարոնին էլ վերջին պահին հայտարարեցին, որ ձերբակալված է»:
Մանուկյանը տեղի ունեցածը որակեց «հերթական քաղաքական պատվեր». - «Հերթական քաղաքական հետապնդումն է, մենք հո վարժ ենք»:
08:32
ԱԱԾ ու Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկում են ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի տունը: «Ազատության» հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ թիրախում իր որդին է: Ավելի ուշ խոստացավ մանրամասներ հաղորդել:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ տեղեկացնում է. - «Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ Գեղամ Մանուկյանի հեռախոսն առգրավել են, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին ձերբակալել: Քննչականից չեն մեկնաբանում ձերբակալության մասին լուրը, խոստանալով քիչ անց հաղորդագրություն տարածել:
ՀՅԴ գերագույն մարմնի փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
Ըստ հաղորդագրության՝ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։
Թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում են խուզարկությունները, Քննչական կոմիտեն դեռևս չի հայտնել. «Ազատությունն» այս հարցով դիմել է ՔԿ, առայժմ չեն պատասխանել:
Հունիսի վերջին իրավապահները խուզարկիություններ էին իրականացրել ընդդիմության անդամների ու կողմնակիցների տներում: