Մատչելիության հղումներ

ԱԺ-ում կրկին քաշքշուկ էր ու հրմշտոց


Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո վեճ ու քաշքշուկ սկսվեց: Խորհրդարանում քննարկվում է Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու կալանավորելու դատախազի միջնորդությունը:

«Արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, կալանավորվման որոշումն էլ կա, այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ էստեղ, որոշել եմ այդ ժամանակը իմ չորս անչափահաս երեխաների ու իմ տիկնոջ հետ կգնամ եկեղեցի մոմ կվառեմ և կգնամ Քննչական», - հայտարարեց պատգամավորը:

Արթուր Սարգսյանին արձագանքեց նիստը վարող Ազգային ժողովի փոխխոսնակը. - «Եթե ես ճիշտ եմ հասկանում, պարոն Սարգսյանը հրաժարվում է հարցերին պատասխանել, հասկանալի որոշում է...»:

Ռուբեն Ռուբինյանի այս խոսքերից հետո իրավիճակը լարվեց, դահլիճում նախ վիրավորանքներ հնչեցին, ապա, ըստ հրապարակված տեսանյութերի՝ պատգամավորներն սկսեցին քաշքշել միմյանց: Միջամտեցին անվտանգության աշխատակիցները, նիստը ընդմիջվեց: Ընդդիմադիր պատգամավորներից Քրիստինե Վարդանյանը պնդում է, որ երբ Արթուր Սարգսյանը որոշեց դուրս գալ դահլիճից՝ «ՔՊ-ական Վահե Ղալումյանը հետևից վազեց, որ հարձակվի, ու այս վիճակը ստեղծվեց»:

Արթուր Սարգսյանին վերագրվում են ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով մեղադրանքներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG