Մատչելիության հղումներ

«Հանրության հսկայական զանգված կարող է միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ». ընդդիմադիրները մեծ ներուժ են տեսնում


Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ցույց Երևանում, 4-ը հուլիսի, 2025թ.
Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ցույց Երևանում, 4-ը հուլիսի, 2025թ.

Հայաստանյան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի համոզմամբ՝ կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանը հանրության լայն զանգվածներին իր շուրջը համախմբելու մեծ ներուժ ունի:

«Սամվել Կարապետյանն ունի էդ պոտենցիալը՝ դաշտ մտնելու առումով, դա կարծում եմ, որ շատերի համար տեսանելի է», - ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Հանրության հսկայական մի զանգված կարող է միավորվել հենց այդ ուժի շուրջ, հետևաբար՝ սա, կարծում եմ, շատ լուրջ և կարևոր քայլ է լինելու քաղաքականության մեջ», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Սամվել Կարապետյանը ունի հնարավորություն՝ դառնալու առաջին ուժը», - իր հերթին, համոզմունք հայտնեց արտախորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

Մայր Աթոռին պաշտպանող հայտարարությունից հետո ռուսաստանաբնակ հայազգի գործարարը կալանավորվեց՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի մեղադրանքով: Մեկուսարանից պարբերաբար ուղերձներ հղող «Տաշիր գրուպ»-ի սեփականատերն անցած շաբաթ նաև քաղաքական կոնկրետ գործընթաց նախաձեռնելու մասին խոսեց: Շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այլևս անելիք չունեն Հայաստանում, Սամվել Կարապետյանը հայտարարեց նոր ուժ ձևավորելու և դրա շուրջ համախմբում ապահովելու մասին:

«Հիմա եթե դաշտում քաղաքական նոր ուժ ձևավորվի, որի նպատակը իշխանության փոփոխությունն է, ապա ի տարբերություն միգուցե շատ ուժերի՝ Հանրապետականը այս առումով դրան ոչ քաղաքական խանդով է վերաբերվում», - ընդգծեց Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Նա ընդգծում է՝ Հանրապետականի համար առաջնայինը իշխանափոխությունն է, և եթե նոր ստեղծվելիք ուժի նպատակը դա է, ապա իրենց գնահատականը միայն դրական է:

Հանրապետական պատգամավորի խոսքով՝ անցած 7 տարիների ընթացքում քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է այսպես կոչված
երրորդ ուժի անհրաժեշտության թեման: Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել այդ ուժը, բայց դա կախված է մի շարք հանգամանքներից. - «Թե ինչպիսի քաղաքական ռեսուրս կներդրվի, ինչպիսի պլանավորում կիրականացվի, և թիրախային պայքարը ինչպիսին կլինի»:

Հանրապետականը թեև այս պահին Կարապետյանների հետ նոր ուժի ձևավորման շուրջ որևէ քննարկում չի ունեցել, սակայն ՀՀԿ-ական պատգամավորը նշում է՝ նրանց հետ ցանկացած թեմայով պատրաստ են խոսել, հատկապես որ Հանրապետականը երկար տարիներ համագործակցել է այդ ընտանիքի հետ:

Կալանավորված գործարարի ավագ եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, ժամանակին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմի առանցքային անդամներից էր: 2008-2011 թվականներին նա նախագահի աշխատակազմի ղեկավարն էր, ապա նաև՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր: 2018-ի մայիսին, այսինքն՝ հեղափոխության օրերին, մամուլը գրեց, որ Կարեն Կարապետյանը դադարեցրել է անդամակցությունը Հանրապետականին:

«Իրենք մարդիկ են, ում հետ կարելի է ցանկացած հարցով խոսել, քննարկել և հասկանալ, թե ինչ անհրաժեշտություն կա Հանրապետականի՝ այս կամ այն գործընթացում լինելու, և Հանրապետականը իր ծանրակշիռ դերը ինչպես կարող է արտահայտել», - նշեց Աբրահամյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ Էլինար Վարդանյանը ողջունում է նոր ուժ ստեղծելու և դրա շուրջ համախմբում ապահվելու Սամվել Կարապետյանի մտադրությունը: Ընդգծելով, որ քաղաքական դաշտում կա բաց, ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ Սամվել Կարապետյանն ունի այդ բացը լրացնելու նախադրյալները՝ իր շուրջը համախմբելով հասարակության լայն զանգվածներին:

«Երբ կան, էսպես, ավանդականորեն դիրքավորված հասարակության խմբեր, որոնք որ մի կողմը պրոիշխանական է, մյուս կողմը՝ գոյություն ունեցող ընդդիմադիր ավանդական ուժերի կողմնակիցներ, բայց միևնույն ժամանակ գոյություն ունի մի բաց, այսինքն՝ հասարակության մի զանգված, որը որ օբյեկտիվորեն, եթե տեսնենք, չի հարում ոչ մի, ոչ էլ մյուս կողմին, և հետևաբար՝ նոր ուժը կարող է լրացնել այդ բացը, և հանրության հսկայական մի զանգված կարող է միավորվել հենց այդ ուժի շուրջ», - ասաց Վարդանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը ևս նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի հետ Կարապետյանները քննարկումներ չեն անցկացրել, բայց իր համոզմամբ՝ պետք է համագործակցել ցանկացած նոր ուժի հետ, որի նպատակը Փաշինյանին հեռացնելն է:

«Եթե իմ պատկերացրած ճիշտ ստրատեգիան ներդրվի, ճիշտ թիմային աշխատանքը, նա հնարավորություն ունի ձևավորելու առաջին ուժը». - արտախորհրդարանական ուժերից «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը, որ դատապարտել է գործարարի կալանավորումը, նույնպես կարծում է՝ Կարապետյանն իսկապես իր շուրջ լայն համախմբում ապահովելու մեծ պոտենցիալ ունի: Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի համոզմամբ՝ Սամվել Կարապետյանը կարող է իսկապես դառնալ հայաստանյան առաջին քաղաքական ուժը, բայց դա կախված կլինի, թե ինչ ռազմավարություն և քաղաքականություն կորդեգրեն Կարապետյանները: Ի դեպ, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի փոխանցմամբ, Կարապետյանների հետ ինքն անձնական շփումներ ունի, բայց քաղաքական ուժ ձևավորելու հարցի շուրջ՝ ոչ:

«Մենք ունենք ուսումնասիրություններ, որը ցույց է տալիս, որ շատ բարձր տոկոս են կազմում ՀՀ քաղաքացիները, ովքեր գտնում են, որ նա անարդարացիորեն է կալանավորված և նա քաղաքական հետապնդման է ենթարկվում: Եվ նաև կա բարձր դրական վերաբերմունք Սամվել Կարապետյանի նկատմամբ: Բայց դա դեռ բավարար չէ, որովհետև սրանք շատ կարևոր հանգամանքներ են, որոնք կարիք կա, թերևս, գործողություններով, քաղաքական հստակ խոսքով, ծրագրով և որևէ ձևով չվարկաբեկված մարդկանց թիմով փորձել դրանք կապիտալիզացնել», - նշեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը նկատի ունի «Գելափ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչի՝ անցած ամիս անցկացրած հարցումները, որոնց համաձայն՝ հարցվածների ավելի քան 77 տոկոսը բացասական է գնահատել Կարապետյանին կալանավորելու որոշումը, շուրջ 67 տոկոսը նրան համարել է քաղաքական բանտարկյալ: Հարցվածների ավելի քան 11 տոկոսը հենց նրան է համարում Նիկոլ Փաշինյանի գլխավոր մրցակիցը՝ Ռոբերտ Քոչարյանից հետո:

Եթե Կարապետյանն իսկապես նախատեսում է առաջիկայում քաղաքական ուժ ձևավորել և անուղղակիորեն մասնակից լինել ընտրական գործընթացներին, ապա ի՞նչ թիմով է հանդես գալու: Ռուսաստանաբնակ գործարարը երկքաղաքացի է և հետևաբար անձամբ վարչապետի թեկնածու լինել չի կարող: Էդմոն Մարուքյանն ասում է՝ այն որ նա չի կարող առաջադրվել, պարզ է բոլորին, բայց Կարապետյանը կարող է հանդես գալ իբրև համախմբող ֆիգուր:

Իսկ թե ով կլինի Սամվել Կարապետյանի նոր ուժի հնարավոր վարչապետի թեկնածուն, Մարուքյանը դժվարանում է ասել, նշելով, որ համապատասխան կոնսոլիդացիայի ժամանակ կգտնվեն համապատասխան մարդիկ:

Մինչ ընդդիմությունը Սամվել Կարապետյանի շուրջ լայն համախմբում է կանխատեսում, իշխող ուժից Կարապետյանի ուղերձը հաջորդ խորհրդարանական ընտրությունների համատեքստում չեն դիտարկում, կարծում են՝ նա ակտիվացել է ենթադրյալ հեղաշրջման գործի պատճառով:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG