Մատչելիության հղումներ

ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկեց Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին

Լրացված

59 կողմ ձայնով Ազգային ժողովն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար՝ Արծվիկ Մինասյանին և կանաչ լույս վառեց գլխավոր դատախազի համար՝ քրեական հետապնդում սկսել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։

Իսկ ավելի վաղ ժամեր շարունակված քննարկման ժամանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում էր պնդել՝ բավարար ապացույցներ ունի. - «Տալ մեզ հնարավորություն քրեական հետապնդման ենթարկել անձին, ում գործողությամբ, ըստ էության, օրինականացվել է ապօրինի գույք»:

Գլխավոր դատախազը պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը:

Երկրորդ միջնորդությամբ էլ դատախազությունը նշում է, որ Արծվիկ Մինասյանը, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով:

«Որևէ իրավական նորմ չեք կարող նշել, որ որպես նախարար ես գործել եմ ծառայողական շահերին հակառակ: Իմ կառավարման շրջանում չի եղել ապօրինի շինարարություն», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Հակադարձելով գլխավոր դատախազին՝ ընդդիմադիր պատգամավորն իր ծավալուն ելույթում պնդեց՝ սա ընդամենը քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձ է. - «Վիրավորականը գիտե՞ք որն է, որ 30 տարուց ավելի լինելով պետական ծառայության մեջ նման ցածր կարգի իրավական մտածողությամբ մեղադրանք ես չէի հանդիպել: Իմ ինտելեկտը մի վիրավորեք, դուք ինձ ասում եք՝ «Ձեր բոլոր գործողությունների համար Ձեզ մեղադրում ենք Ձեր ցուցմունքով», հետո ասում եք՝ «Դուք հատուկ եք արել էդ գործողությունը, որպեսզի իրավական թողարկման ենթարկեք Ձեր հանցավոր մտադրությունը», լավ, անտրամաբանական էս եզրահանգումը որտեղի՞ց եք վերցրել, ո՞վ է ձեզ տվել իրավունք էս աստիճանի բռնաբարել իրավունքը, չեք կարող էս ոճով ու էս որակի ներկայացված մեղադրանքով իմ հեղինակության վրա ազդել»:

Մինասյանն ասաց իր խոսքն ու ու դուրս եկավ նիստերի դահլիճից՝ թողնելով ամբիոնը դատախազին, որին էլ հուզել էր Մինասյանի էմոցիոնալ ելույթը. - «Մեր մեղադրանքն իրեն վիրավորում է, չի խոսում նրա մասին, որ որպես նախարար պարտավոր էր անել մի պարզ քայլ, պարտավոր էր գրությամբ, պաշտոնական որևէ փաստաթղթով պատկան մարմնին տեղեկացնել, որ Ազգային պարկում առկա է ինքնակամ կառույց»:

Իրենց ելույթներում ՔՊ-ական պատգամավորները փաստացի շարունակում էին գլխավոր դատախազի այս պնդումը: ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էլ անգամ բառերը համեմեց պատկերներով՝ ցույց տալով՝ ինչ շինության մասին է խոսքը և վստահ պնդելով, որ կատարվածն անօրինություն է։ Մինչդեռ իշխանական պատգամավորը նույնքան վստահ չէր՝ ինչ գնահատական կտա այս ամենին դատարանը։

«Կարող է և պարզվի, որ դատարանում ձեր պաշտպանության ձևն աշխատող է, կոնկրետ օրենքի ինչ-որ մի նորմ չկա, բայց քաղաքական առումով ո՞ւմ ենք ձեռք առնում, 50 հազար դրամով Հայաստանում հավաբուն կարող ա կարողանաս վարձակալես», - նշեց Ալեքսանյանը:

Ընդդիմադիր երկու ուժերն էլ պնդում էին, որ քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունեն։ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը նույնիսկ ուղիղ մեղադրանքներ հնչեցրեց հենց գլխավոր դատախազի հասցեին. - «Դուք Նիկոլի իրավաբանն եք»:

«Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանի խոսքն էլ էր ուղղված Վարդապետյանին, բայց գործնական առաջարկով, ավելին՝ ընդդիմադիր պատգամավորն անգամ պատրաստ էր կողմ քվեարկել, եթե Վարդապետյանը խմբագրեր միջնորդությունը։ «Առաջարկում եմ քրեական բառը փոխարինել քաղաքական բառով, թող ստացվի, որ պիտի Արծվիկ Մինասյանին ենթարկենք քաղաքական հետապնդման, էս դեպքում կլինի ավելի արդար»:

Դատախազի այս միջնորդագրերից ուղիղ մեկ ամիս առաջ՝ կառավարություն-Ազգային ժողովի հարցուպատասխանին միջադեպ էր գրանցվել վարչապետի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջեւ։ Նիկոլ Փաշինյանն անգամ Սեյրան Օհանյանին դիմելով սպառնացել էր «նրան ուղարկել ԱԱԾ պադվալ»։ Այդուհանդերձ գլխավոր դատախազի դիմումում կալանքի միջնորդություն չկա։




XS
SM
MD
LG