Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է, որ Պեկինում իր գործընկերոջ՝ նախարար Վան Յիի հետ համատեղ քննարկել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը, համաշխարհային քաղաքականությանն առնչվող մոտեցումների նմանությունը, համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգը։
Անդրադառնալով Իրան-Իսրայել վերջին հակամարտությանը՝ Միրզոյանը նշել է՝ «մենք լրջորեն մտահոգված էինք, և այժմ տեսնում ենք, որ հրադադար է հաստատվել։ Հուսով ենք, որ այն կպահպանվի, և բոլոր խնդիրները կլուծվեն դիվանագիտական ուղիներով, բանակցությունների միջոցով»։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է՝ «մենք շահագրգռված ենք մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»
«Որպես երկիր, որը բախվել է և պատերազմի ոչ շատ վաղ անցյալում, վերջին մի քանի տարիների ընթացքում, մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ ոչ միայն մեր սահմաններին, այլև մյուս տարածաշրջաններում և ավելի լայն աշխարհագրությամբ։ Եվ այս իմաստով, ինչպես մենք հասկանում ենք, մեր մոտեցումները շատ մոտ են ՉԺՀ մոտեցումներին։ Մենք ունենք խաղաղության օրակարգ, որը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է։ Մենք բանակցություններ ենք վարում Ադրբեջանի հետ», - նշել է Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը հավելել է՝ «խաղաղությունն այն է, ինչին մենք իսկապես հավատում ենք»։
Արձագանքելով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ Միրզոյանը նշել է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականի հետ»։
«Հիմնականում գաղափարը կայանում է Եվրոպայի և Արևելյան Ասիայի, Փարիզի և Պեկինի միջև ավելի լավ կապերի ապահովման մեջ, և մենք հստակ տեսնում ենք ապրանքների և մարդկանց ազատ և հարթ տեղաշարժը Փարիզից դեպի Պեկին, Ֆրանսիայից՝ Հարավային Կովկասի, Հայաստանի, ապա՝ Կենտրոնական Ասիայի, օրինակ՝ Ղազախստանի միջոցով դեպի Չինաստան», - ընդգծել է նա։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-27-ը պաշտոնական այցով եղել է Չինաստանում: