Մատչելիության հղումներ

ՔՊ-ից վստահեցնում են՝ Հայաստանը զիջման չի գնալու, ընդդիմությունում, սակայն, մտահոգված են

Լրացված

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, արխիվ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան, արխիվ

Որևէ զիջման Հայաստանի Հանրապետությունը չի գնալու, այսօր հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օրերս անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտարարել էր, որ թեև Հայաստանն ի սկզբանե դեմ էր, սակայն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում:

Թուրքիայի ղեկավարի հայտարարությանը Երևանում արձագանքել է Արտգործնախարարության խոսնակը: Անի Բադալյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ շահագրգիռ գործընկերների հետ ապաշրջափակման շուրջ քննարկումները շարունակվում են, ու ընդգծել է. - «Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման Հայաստանի տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ևս զիջումներ չի տեսնում:

«Հայաստանի Հանրապետությունը երբեք զիջումների չի գնացել և չի էլ գնալու, ես խնդրում եմ ամեն մի մեկնաբանությունը մի բերեք հասցրեք էդ հարցադրմանը, որովհետև որևէ զիջման Հայաստանի Հանրապետությունը չի գնացել և չի գնալու: Մնացած մեկնաբանությունները կտամ, երբ որ հնարավորինս մանրամասն կծանոթանամ ձեր բերած հայտարարությանը», - ասաց Հովհաննիսյանը:

«Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքից որևէ ետքայլ Հայաստանը չի՞ անելու», - «Ազատության» այս հարցին իշխանական խմբակցության քարտուղարն արձագանքեց. - «Մենք բազմիցս հայտարարել ենք, և ես կարծում եմ, որ որևէ մեկը, որ նման կոչեր անի՝ հետ կանգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից, ըստ էության՝ նաև սահմանադրական կարգը դրանով տապալել, պետք է համապատասխան քրեաիրավական հետևանքներ ունենա դրանով»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան, արխիվ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան, արխիվ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ, Դաշնակցություն կուսակցությունից Գեղամ Մանուկյանը կարծում է՝ հստակ է, որ այս թեմայի շուրջ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, դրա մասին են վկայում Փաշինյանի անակնկալ այցը Թուրքիա, հանդիպումն Էրդողանի հետ, հետագա հայտարարությունները նաև Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին: Մանուկյանն ասում է՝ չի բացառվում, որ Սյունիքով ճանապարհի հարցում հայաստանյան հանրությանը փաստի առաջ կանգնեցնեն:

«Մենք տևական ժամանակ ականատես ենք եղել մի արատավոր իրավիճակի, երբ ինչ-որ համաձայնություններ, անգամ՝ նախնական, անգամ՝ վստահաբար կայացած համաձայնություններ, մենք առաջինը տեղեկանում ենք Բաքվից կամ Անկարայից, որը հայկական կողմը խուճուճ մեկնաբանություններով, ինչ-որ ժամանակ ձգելուց հետո կանգնեցնում է մեր ժողովրդին փաստի առաջ: Եվ մեծ է վախը, որ մենք հիմա գործ ունենք նման իրավիճակի հետ, և չի բացառվում, որ առաջիկայում անակնկալ արթնանանք և Սյունիքի ճանապարհի հետ կապված ոչ ցանկալի՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը և նաև տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող ինչ-որ լուծման կամ համաձայնության մասին տեղեկանանք», - ասաց դաշնակցական պատգամավորը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան, արխիվ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան, արխիվ

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից հանրապետական Տիգրան Աբրահամյանն ասում է ՝ վերջին 7 տարիներին տեսել են իշխանության հավաստիացումները ինչ-ինչ հարցերով, սակայն հետագայում պարզվել է ճիշտ հակառակը:

«Հայաստանի իշխանությունը ասում է մեկ բան, բայց շատ ժամանակ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Ստեղծված իրավիճակում ամենամեծ խնդիրը այն է, որ Հայաստանի իշխանությունը ինքն է զիջել, այսպես ասեմ, միջնորդական առաքելությունը մեր ռեգիոնում Թուրքիայի կողմից հարցեր լուծելու, այսպես ասած, այդ մանդատին, Հայաստանի իշխանությունն է Թուրքիային բերել Հայաստան - Ադրբեջան բանակցությունների կամ քննարկումների դաշտ, և ստեղծված իրավիճակում Թուրքիան շարժվում է այնպես, ինչպես իր շահերն է պահանջում, կամ ինչպես իր դաշնակից Ադրբեջանն է ակնկալում», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին մեկնել էր Թուրքիա, հանդիպել Էրդողանի հետ: Առաջին անգամն էր, որ այցի առիթը ոչ թե որևէ միջոցառում էր, երդմնակալություն, կամ ֆուտբոլային հանդիպում, այլ՝ երկկողմ բանակցությունները: Իսկ հայ համայնքի հետ հանդիպմանը խոսելով ճանապարհների ապաշրջափակումից, Փաշինյանը հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել, որ երբ «Խաղաղության խաչմերուկը» բացվի, Ադրբեջանն ասելու է, որ բացվեց «Զանգեզուրի միջանցքը»:

Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ նշել էր, որ ճանապարհի հայկական կողմը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, ադրբեջանական հատվածը՝ Ադրբեջանի, սակայն պետք է պարզեցված ընթացակարգ գործի փոխադարձության սկզբունքով: Մանրամասներ, սակայն, Փաշինյանը չէր հայտնել:

Փաշինյանի Թուրքիա կատարած այցից տասն օր անց «Քարնեգի» կենտրոնը իր դիվանագիտական աղբյուրներին հղում անելով հրապարակեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Երևանին ու Բաքվին արած առաջարկը ապաշրջափակման վերաբերյալ, այն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառավարումը պատվիրակել ամերիկյան մասնավոր ընկերությանը:

Նույն օրերին Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող Middle East Eye կայքը գրեց, որ հուլիսին Դուբայում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Վարչապետի գրասենյակից այս տեղեկությունը չեն հաստատել, «Ազատությանը» վարչապետի խոսնակն ասել էր՝ Փաշինյանի այցերի մասին ժամանակին և պատշաճ կարգով տեղեկացնում են:

Պաշտոնական Բաքուն ևս հավանական հանդիպման մասին դեռ ոչինչ չի հայտնել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG