Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել:
Լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ասաց. - «Ինչպես Ազգային ժողովում ներկայացվել է, նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար»։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի ընդունում մեղադրանքը և սա քաղաքական հետապնդում է՝ ընդգծելով՝ մինչև միջազգային ատյաններ բողոքարկելու են:
Սեյրան Օհանյանը ևս չի ընդունում մեղադրանքը: Լրագրողների հետ զրույցում նշել է, որ ցուցմունք չի տվել:
Նախօրեին Ազգային ժողովն անձեռնմխելիությունից զրկեցՍեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին:
Գլխավոր դատախազը պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը: Դատախազությունը նշում է, որ Արծվիկ Մինասյանը, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Սեյրան Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով: