Իսլամական երկրները անցած երկու շաբաթվա ընթացքում երկրորդ բանաձևն են ընդունել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասի, այս հարցում լիակատար աջակցություն հայտնելով Բաքվի դիրքորոշմանը։ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ավարտին, մասնավորապես, կառույցի անդամ տասը երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Իրանն ու ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը, համատեղ կոմյունիկե են ընդունել՝ վերահաստատելով անցած ամիս Ստամբուլում ընդունված պահանջները։
«Գագաթնաժողովի մասնակիցները հիշեցնում են Ստամբուլի հռչակագիրը և Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևը՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների աղետալի վիճակի վերաբերյալ, և վերահաստատում վտարված այդ ադրբեջանցիների՝ իրենց ծագման վայրեր խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադառնալու անօտարելի իրավունքը», - ասված է փաստաթղթում:
Հավաքը հյուրընկալող Ադրբեջանն այն անցկացրել էր Ստեփանակերտում, նախագահ Ալիևն էլ բռնի ուժով հայերից դատարկված քաղաքում, արդարացնելով մոտ երկու տարի առաջ իր կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիան, պնդել էր՝ Բաքուն կշարունակի ջանքերը, որպեսզի «արևմտյան ադրբեջանցիները» վերադառնան Հայաստան՝ «իրենց նախնիների հողեր»։
«Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների իրավունքների ապահովումը մեծ նշանակություն ունի: Մենք բարձր ենք գնահատում անցյալ ամիս Ստամբուլում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից միաձայն ընդունված բանաձևը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Ավելին, Նախարարների խորհրդից հետո ընդունվել է նաև «Ստամբուլի հռչակագիրը», որը նաև դատապարտում է Հայաստանին՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսությունից հրաժարվելու համար»», - ասված է կոմյունիկեում:
Ինչպե՞ս են Երևանում արձագանքում այս փաստաթղթին. արտգործնախարարությունից «Ազատությանը» հայտնել են՝ «մեր դիրքորոշումն այդ կոմյունիկեում արծարածված խնդրի վերաբերյալ արտահայտված է ԱԳՆ հունիսի 23-ի հայտարարության մեջ»: Հունիսի 23-ի հայտարարությունում պաշտոնական Երևանը դատապարտել էր Ստամբուլում ընդունված համանման փաստաթուղթը՝ ձևակերպումները որակելով խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի, հորդորել էր փաստաթղթին միացած երկրներին «հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող նախաձեռնություններից»։
Չնայած այդ հորդորներին ու քննադատությանը՝ նույն երկրները, փաստացի, երեկ վերահաստատել են իրենց դիրքորոշումը, Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ հատուկ հայտարարություն է տարածել՝ ողջունելով երեկ ընդունված «Խանքենդիի կոմյունիկեն»։
«Փաստաթուղթը բարձր է գնահատել ազատագրված Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում իրականացված լայնածավալ վերակառուցման և շինարարական աշխատանքները։ Բացի այդ, կոմյունիկեն վերահաստատել է Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների՝ իրենց հայրենիք արժանապատվորեն վերադառնալու իրավունքը», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ավելի վաղ, արձագանքելով Բաքվից հնչող այս պահանջներին, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը պնդել էր, թե Ալիևը «Արևմտյան Ադրբեջան»-ի օրակարգն առաջ է մղում ի պատասխան արցախահայերի վերադարձի մասին Հայաստանից ու միջազգային համայնքից հնչող հայտարարությունների:
«Մենք խոսում էինք Արցախի մասին, իրանք խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին։ Մեր գործընկերները՝ միջազգային, խոսում են Արցախ վերադառնալու մասին, իրանք խոսում են ադրբեջանցիների վերադառնալու մասին։ Հիմա եթե մենք ուրիշ բանի մասին խոսենք, իրանք նույն բանը հայելային ասելու են», - անցած տարեվերջին, մասնավորապես, ասել էր Ալեն Սիմոնյանը։
Հայկական կողմի այս հաշվարկները, սակայն, ըստ էության, իրականություն չեն դառնում․ վարչապետ Փաշինյանը ամենաբարձր մակարդակով և մի քանի անգամ արդեն հայտարարել է, թե Հայաստանը փակում է Արցախի էջը, պնդել է, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, համաձայնել է լուծարել Մինսկի խումբն ու անիրատեսական է համարել արցախահայերի վերադարձն իրենց հազարամյա վաղեմության հայրենիք, սակայն Բաքուն իր պահանջներից ու խոսույթից չի հրաժարվում։ Ավելին, Ադրբեջանի նախագահը նախօրեին կրկին պնդել է, թե իրենց «փորձագիտական հաշվարկներով»՝ Հայաստանը «կապիտուլյացիայից առաջ՝ 30-ամյա օկուպացիայի» ընթացքում 150 միլիարդ դոլարի վնաս է տվել Ադրբեջանին։