Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը անցած 26 տարվա ընթացքում առաջին անգամ բանտից տեսաուղերձ է հրապարակել՝ վերստին կոչ անելով զինակիցներին վայր դնել զենքերը։
Կոչը հնչել է առաջիկա ուրբաթ կայանալիք զինաթափման խորհրդանշական արարողության նախօրեին, որը կդառնա թուրքական պետության հետ խաղաղության գործընթացի առաջին կոնկրետ քայլը՝ ավելի քան քառասուն տարի տևած արյունալի պայքարից հետո։
Քրդամետ ալիքով հեռարձակված յոթ րոպեանոց տեսաուղերձում Օջալանը նաև կոչ է արել Թուրքիայի Ազգային ժողովին հատուկ հանձնաժողով ձևավորել՝ քրդերի հետ իրական խաղաղության հասնելու համար։
«Սա կորուստ չէ, այլ պատմական ձեռքբերում», - պնդել է 1999-ից Ստամբուլի մոտ գտնվող Իմրալի կղզում բանտարկված Օջալանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս շաբաթավերջին կուսակցության մարտիկների առաջին խումբը կիջնի լեռներից ու Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար քրդական շրջանում՝ Սուլեյմանիա քաղաքում կոչնչացնի զենքը՝ հասարակական կազմակերպությունների և հրավիրված դիտորդների ներկայությամբ։