«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներն այսօր խուզարկություններ են կատարել:
Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցել են, որ Կարապետյանի տանն իրականացվող գործողությունները ՀԷՑ-ում խուզարկությունների նույն քրեական վարույթների շրջանակներում են:
«ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ», - ասել էր ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նարեկ Կարապետյանն այս պահին ՀԷՑ-ի գրասենյակում է: Նախքան այստեղ գնալը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր համար սպասելի էին իրավապահների գործողությունները:
«Ամենայն հավանականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար, մի բանի համար կձերբակալեն», - նշել է նա:
Կարապետյանը հայտնել է, որ իրեն նախապես ծանուցել էին: