Ձերբակալվել է ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեները. փաստաբան

Իրավապահները ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին, հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այս պահին փաստաբանները փորձում են ներս մտնել՝ հասկանալու, թե ինչ գործի շրջանակներում են Ավագյանին ձերբակալել, սակայն դա մինչ այս պահը արգելվել է:

Փաստաբանի ներկայացմամբ՝ ստացվում է, որ իրենց չեն թույլատրում մասնակցել ներսում կատարվող գործողություններին:

Իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չեն եկել:

Քննչական կոմիտեն այսօր վաղ առավոտից խուզարկություններ է կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, որի նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորված է: Խուզարկվել է նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննչական գործողությունները ՀԷՑ-ում ավարտվեցին. փաստաթղթեր են առգրավվել