ՀՀ ԱԳՆ-ում Կոպիրկինին հայտագիր հանձնելուց օրեր անց Մոսկվայում հանդիպել են Գալուզինը և Արսենյանը

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյան, արխիվ

Ռուսաստանի դեսպանին Հայաստանի արտգործնախարարություն հրավիրելուց և Հայաստանի ներքին գործերին միջամտության վերաբերյալ հայտագիր տալուց մի քանի օր անց, Մոսկվայում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի միջև:

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ Գալուզինը նշել է, որ անհրաժեշտ է Հայաստանում պահպանել Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական դաշտ և համապատասխան մարմինների միջև խորհրդակցությունների հերթական փուլն անցկացնել:

Այս հաղորդագրության մեջ նշված՝ տեղեկատվական ֆոնի վերաբերյալ շեշտադրմանն այսօր արձագանքելով՝ Հայաստանի արտգործնախարարությունից հիշեցրել են Ռուսաստանի դեսպանին մի քանի օր առաջ Երևանում հանձնած հայտագիրը:

Այդ հայտագիրը կապված էր Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում և պաշտոնյաների կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող հայտարարությունների հետ։

Արտգործնախարարությունը նշել էր, որ խիստ բողոք է արտահայտվել ռուսաստանյան լրատվամիջոցներում Հայաստանի կառավարության նկատմամբ ծավալված բացահայտ ոչ բարեկամական, հաճախ՝ թշնամական քարոզչության կապակցությամբ, որ իրենց թույլ են տալիս որոշ պաշտոնյաներ, պատգամավորներ, լրատվական ու փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ:

Հայտագրում ընդգծվել էր, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով հնչող վիրավորական արտահայտություններն ու Հայաստանի իշխանությունների թիրախավորումն անընդունելի է և չեզոքացնում է այն դրական արդյունքները, որ ստացվել էին վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի փոխայցելություններից:

Հայաստանի արտգործնախարարությունը ռուսաստանցի իր գործընկերներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական դրսևորումները դադարեցնելու համար:

Այդ նույն օրերին Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն էր տարածել ու բարձրացրել էր ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելու հարցը:

«Հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից», - ասված էր հայտարարության մեջ:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ասում է՝ իրենք որևէ ալիք անջատել չեն կարող, ուսումնասիրում և զեկույց են ներկայացնում նախարարությանը:

«Ինչի մենք որոշեցինք հայտարարությամբ հանդես գալ՝ որպես անկախ, սահմանադրական կարգավորող մարմին, որովհետև մեր կարծիքով՝ հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքով, այն բովանդակային արձանագրությունները խախտումների, որոնք մեզ մոտ հավաքված են, ինչպես նաև այլ կետերի խախտումները, որը մենք շարադրել ենք հայտարարության մեջ, հայկական կողմին հիմք են տալիս շատ ավելի կոշտ միջոցների: Որովհետև հայկական կողմի անգործությունը, հանձնաժողովի կարծիքով, բերում է նրան, որ ռուսական այդ ալիքները՝ երկու ալիքը, անպատասխանատու են գործում մեր հայկական եթերում: Սրանով մեր գործառույթները ավարտվում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

«Նախարարությունից դուք դեռ ձեր այս հայտարարությանը որևէ արձագանք չեք ստացել», - այս դիտարկմանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը պատասխանեց. - «Մենք չէինք ակնկալում, որովհետև բացի մեր հայտարարությունից մենք նաև շփումներ, բնական է, ունենք: Այս պարագայում մենք ընդհանրապես ևս մեկ անգամ ուզում էինք իշխանությունների ուշադրությունը գրավել, որ այս խնդիրը դեռ լուծված չի, բայց նաև լուծում է պահանջում, որովհետև ապրել այդ հիբրիդային գրոհների պայմաններում, ինձ թվում է, մեր ինքիշխանությանը բավականին մեծ հարված է՝ ոչ միայն տեղեկատվական հարված, որովհետև իր պրոպագանդիստական ազդեցությունը մեր բնակչության վրա տարեցտարի նվազում է, բայց ես կարծում եմ՝ ինքնիշխան պետության զուտ արժանապատվությունը՝ պետական և ազգային, պիտի թույլ չտա, որպեսզի այդ ալիքները շարունակեն նույն բովանդակության տարածումը մեր հանրային մուլտիպլեքսում: Կրկնում եմ՝ ոչ թե ընդհանրապես, այլ մեր սուվերեն հանրային մուլտիպլեքսում»:

«Աշխարհում այդ պրակտիկան կա՝ ազատ է համացանցը, ազատ են ցանցային օպերատորները, բայց հանրային մուլտիպլեքսը դա քո պետության օրակարգերի սպասարկման միջոց է, ոչ ավելի», - ընդգծեց Հակոբյանը:

Ոլորտը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ է, նախարարությունը, սակայն, դեռ չի արձագանքել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարությանը: Օրերս Վանաձորում ոլորտը համակարգող նախարար Մխիթար Հայրապետյանը ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին հարցերի չպատասխանեց: Այսօր էլ նախարարությունց հորդորեցին հարցերը գրավոր ուղղել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՌՀ-ը բարձրացնում է ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելու հարցըՊարոն Լավրովն ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին. Միրզոյան«Դաշնակիցներից երես թեքելը հազիվ թե օգտակար լինի հայ ժողովրդի համար». Լավրով