Լոռու մարզում ոսկու համար պայքարը շարունակվում է: Այսօր վերջին 4 տարում արդեն 11-րդ անգամ մի բուռ Քարաբերդ ոսկու հետևից հանրային լսումների էին եկել, այս անգամ՝ «Զով-Գուժ» ընկերության ներկայացուցիչները: Հանրային լսումը, սակայն, հրմշտոցի ու բղավոցների վերածվեց: Քննարկումների եկածների մի մասը դեմ էր, մյուսը՝ կողմ, ու բոլորն էլ անդրդվելի էին իրենց կարծիքի մեջ, այլ բան լսել չէին ուզում:
Ոսկու հանքին դեմ գյուղացիների ու բնապահպանների խոսքից հետո կրքերը թեժացան, դեմ ու կողմ կարծիք ունեցողները՝ բախվեցին: Հրմշտոցն ու բղավոցները քննարկման սենյակից դուրս տեղափոխվեցին:
Բնապահպան Օլեգ Դուլգարյանը շեշտեց՝ առնվազն երեք տարբեր ընկերություններ 11 անգամ Քարաբերդ են եկել՝ ոսկի որոնելու թույլտվության հետևից ու դատարկաձեռն հեռացել: Ինչո՞ւ նախկինում տապալված լսումներից հետո հանքարդյունաբերական ընկերությունները հետևություն չեն անում ու Քարաբերդից էլի ձեռք չեն քաշում, հարցնում է Դուլգարյանը:
«Մեկը լիցենզիայի համար է, մեկը տարածքների ընդլայնման համար է պայքարում, մյուսը՝ նոր կոորդինատներով հանքավայր բացելու համար, այսինքն՝ եթե մենք առաջնորդվենք ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ, ապա այս ամբողջ բնակավայրի տարածքները պետք է հանքավայր դառնան», - շեշտեց նա:
Ընդ որում, Քարաբերդում արդեն գործող ոսկու հանքավայր կա: Դեռ 2003 թվականից այն «Ասսաթ» ընկերությանն էր պատկանում, որն այդ ժամանակ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորների հետ էր փոխկապակցվում: 2018-ի հեղափոխությունից հետո ընկերությունը մեծ բաժնեմասով չեխերն են տնօրինում: Ավելի քան 20 տարի կիսատ-պռատ, մեծ դադարներով գործող հանքի արդեն չորս տարվա չեխ սեփականատերերն այսօր մեկ այլ ընկերության նախաձեռնած հանրային լսումներին ներկա էին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բնակիչներն ու բնապահպանները տապալեցին Լոռու Քարաբերդ գյուղում ոսկու բաց հանք շահագործելու նախաձեռնությունըՔարաբերդում տեղի ունեցողին կողքից էին հետևում՝ անխոս: Հրաժարվեցին որևէ մեկնաբանություն անել: Այս ընկերությունը դեռ երեք տարի առաջ էր դիմել համայնքին արտոնագրի ժամկետը երկարաձգելու և հանքի շահագործվող տարածքն ընդլայնելու թույլտվության համար, բայց հանդիպելով բնակիչների ու բնապահպանների դիմադրությանը՝ առանց որևէ հարցի պատասխանելու հեռացել էին:
Ուշագրավ է, որ գյուղի այն բնակիչները, որոնք այսօր դեմ էին արտահայտվում «Զով-Գուժ» ընկերության երկրաբանական ուսումնասիրություններին, դեռ 2022-ին կողմ են եղել հենց չեխական այս կազմակերպության ոսկու հանքի շահագործմանը:
Քարաբերդի վարչական ղեկավարը դեռ գյուղապետ եղած ժամանակ «Ազատությանն» ասել էր՝ չեխական կազմակերպության գործելուն կողմ է, քանի որ գյուղին օգուտ են տվել՝ գերեզմանը ցանկապատել են, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ՝ տեխնիկայով աջակցել:
Ինչու՞ տարիներ անց մեկ այլ կազմակերպության՝ չեխերի հարևանությամբ երկրաբանական ուսումնասիրություն անելու ծրագրին համաձայնություն չեն տալիս: Ասաց՝ նախկինում չգիտեր, որ տարածքում շրջակա միջավայրի համար վտանգավոր ուրան կա: Այժմ բնապահպաններից կարևոր տեղեկություններ է ստացել ու դեմ է Քարաբերդում ուրանով հարուստ հանքի ոչ միայն շահագործմանը, այլև՝ ուսումնասիրությանը:
«Չեխն այն ժամանակ որ սարքել է, այս տվյալները մենք չենք ունեցել՝ էդ ուրանի պահը», - նշեց Յուրիկ Շավելյանը:
Այսօր հրմշտոցի վերածված լսումներից հետո գյուղացիները միմյանց մեղադրում էին, թե կաշառված են ու որ անձնական շահերով դրդված են կարծիք հայտնում: Երեսով էին տալիս, թե նախկինում այլ կարծիք են ունեցել: Այդպես էլ պարզ չեղավ՝ ով ում է կաշառել, բայց հանրային լսումների եկածների մի մասը խիստ կողմ էր, մյուս մասը՝ դեմ գյուղի սարերում ոսկի որոնելու ծրագրերին:
Հանրային լսումն այդպես էլ չկայացավ: Ներս գնալու և քննարկումը շարունակելու հորդորներն արդյունք չտվեցին: Ի վերջո Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը հայտարարեց՝ լսումները դադարեցվում են:
Ի դեպ, այսօր հանրային լսումների եկած «Զով-Գուժ» ընկերության բնապահպանական փորձագետ ներկայացած Վիգեն Ավետիսյանը 2019-ից մեկ տարի զբաղեցրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը: Նա այսօր պնդում էր, որ ոսկու երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում բնապահպանական խնդիրներ համայնքի համար չեն առաջանա: Հերքում էր նաև բնապահպանների պնդումները, թե տարածքում վնասական քանակի կապար և ուրան կա: