Վրաստանի Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել: Վարորդներն անորոշության մեջ են՝ չեն կարողանում հատել վրացական անցակետը, որ հասնեն Վերին Լարս ու մտնեն Ռուսաստան։
Տեղից «Ազատությանը» դիմած վարորդներից միայն մեկը համաձայնեց հարցազրույց տալ, բայց պայմանով, որ ձայնը փոխվի ու նույնականացվող ոչ մի տվյալ չհաղորդվի: Ասաց՝ հետագա նոր խնդիրներից է խուսափում:
«Ամսի 3-ից մտել եմ Վրաստան, մինչև էսօր Վրաստանում եմ: Մենակ ես չէ, բոլոր մեքենաները, անգամ դատարկ մեքենան, օրերով կանգնում ենք», - ներկայացրեց վարորդը:
Չձայնագրվելու պայմանով՝ վարորդներից մի քանիսն էլ ասացին, որ մեկը 5 օր է սպասում Կազբեկի անցակետում, մյուսը՝ արդեն մեկ շաբաթից ավելի և այդպես շարունակ: Պնդում են՝ անցակետի վրացի աշխատակիցները ոչինչ չեն բացատրում:
«Վրացական բոլոր մեքենաներն անկախ նրանից դատարկ է, թե բեռնված է, VIP-ով մտնում-դուրս են գալիս: Իրենց մեքենաները չեն սպասում, իրանց մեքենան մտնում ա Ռուսաստան, դուրս ա գալիս, գնում ա Հայաստանից իր գռուզը բարձում, նորից գալիս ա Ռուսաստան», - ասաց վարորդներից մեկը:
Հաճախ այսպիսի պատասխաններ են լսում. - «Ռուսերեն ինձ ասում ա՝ сперва наши машины»:
Բեռնատարների հայ վարորդը տարակուսած են՝ իրենցից շատերը դատարկ են գնում դեպի Ռուսաստան՝ բեռն այնտեղ բարձելու և վերադառնալու համար, հարցնում են՝ իրենք էլ հո կոնյակ չե՞ն տեղափոխվում, որ կանգնեցնեն ու խմիչքի որակը ստուգեն:
«Մտավախությունը, որ կոնյակից բացի այսուհետ բոլոր բեռնատարներն են արհեստական խոչընդոտներով վրացական սահմանն անցնելու Ռուսաստան հասնելու համար՝ կարծես իրականություն է դառնում», - նեղսրտում են նրանք:
«Ազատության» հետ զրույցում վարորդներից մեկն ասաց՝ իր բեռնատարը հերթերի ցուցակում 9000-րդն է, մինչդեռ իր հետևից եկած մեքենաները հեշտությամբ առաջ են անցնում. - «Ստայանկեն մտնելու համար 40 լարի վճարում ենք, Կազբեկի ստայանկի համար վճարում ենք 80 լարի, տրանզիտի համար վճարում ենք 355 լարի, բայց էդ վճարելու հետ միասին էլ օրերով կանգնած ենք, մնակ իրենց մեքենաներն են գնում»:
Պետեկամուտների կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ հարցն Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է։ Այս կառույցից էլ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն արձագանքեց՝ տեղյակ են խցանումներից, աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ:
Ամիսներ շարունակ վրացական կողմում խնդիրների են բախվում հատկապես կոնյակ արտահանողները, Վրաստանը սկսել է ստուգել իր տարածքով Ռուսաստան մտնող ու այնտեղ վաճառվող հայկական կոնյակի որակն ու այդ պատճառաբանությամբ բեռնատարներն ամիսներով մնում էին անցակետում: Այս հարցում թեև տեղաշարժ կա, բայց խնդիրն ամբողջությամբ չի լուծվել:
Արտահանողներն ու վարորդներն տարակուսած են՝ այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչո՞ւ Վրաստանը կտրուկ փոխեց իր վերաբերմունքը հայ արտահանողների նկատմամբ, պետական պաշտոնյաներն էլ այս հարցի պատասխանը չունեն: Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել՝ խնդիրներ չկան, մաքսային նորմալ ընթացակարգ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնյակի արտահանմամբ զբաղվող ընկերություններն ակնկալում են, որ Վրաստանով արտահանման խնդիրն ամբողջությամբ լուծվի