Մինչ Երևանն ու Բրյուսելն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, թե երկկողմ հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, հայաստանցիները շարունակում են բախվել շենգեն գոտի մտնելու խնդրին։
Վերջին տարիներին հայաստանցիների մեծ մասի համար այս երկար ու բարդ գործընթացի ամենասկզբում նախ պետք է փորձել վիզայի ժամադրություն ամրագրել, եթե իհարկե դա հաջողվի։ Առանձին դեպքերում ազատ ժամ ստանալը մինչև մեկ տարի է տևում։ Ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու համար շատերը նախընտրում են միջնորդ ընկերությունների միջոցով ամրագրումն անել։ Բայց հայաստանցիներն այս դեպքում էլ ապահովագված չեն մերժումներից։ «Ազատությունը» բազմաթիվ քաղաքացիներից, զբոսաշրջային գործակալություններից է բողոքներ ստացել:
Մերժում Հունաստանի դեսպանատնից
Լուսինե Մակիյանն «Ազատությանը» պատմեց՝ փորձել է օր ամրագրել Հունաստանի վիզաների հարցերով զբաղվող կենտրոնում, բայց անհնար է եղել, օրերով ազատ ժամ չի գտել։ Հաջողվել է միայն հավելյալ գումարի դիմաց ժամադրությունն ամրագրել, սակայն վիզա ստանալ՝ ոչ։ Մեկ ամիս սպասելուց հետո մերժում է ստացել:
«Իմ թռիչքի օրն անցավ արդեն, ու հաջորդ օրը նոր իրենք իմ անձնագիրը վերադարձրեցին, մերժման պատճառն էլ, որ այցի նպատակը և ներկայացված միջոցները վստահելի չեն», - նշեց նա:
Երիտասարդ կնոջ համար տարօրինակ է մերժման պատճառը, զարմացած է՝ եթե դեսպանատունը որևէ խնդիր է նկատել, ինչո՞ւ մեկ ամսվա ընթացքում իրեն տեղյակ չեն պահել, որ փաստաթղթերը լրացնի. «Մերժումից հետո նամակ եմ ուղարկել, որ համաձայն չեմ այդ որոշման հետ, քանի որ իմ ներկայացրած բոլոր թղթերը շատ հավաստի են»:
Մինչ մերժումը բազմաթիվ անգամ շենգեն վիզաներ է ստացել, այդ թվում՝ երկարաժամկետ։ Ասում է՝ տրված ժամկետից ավելի չի մնացել ԵՄ-ում: Վրդովված է ոչ այդքան գումարներ կորցնելու, ընկերուհու հետ ճամփորդության չեղարկման պատճառով, որքան դեսպանատան վերաբերմունքից։ Այն նվաստացուցիչ է որակում։
«Այս ամբողջ գործընթացի անարդարությունն է շատ վրդովեցնում», - նշեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ստորացման ընթացակարգ». շենգեն վիզան՝ բիզնե՞սՄերժում Ֆրանսիայի դեսպանատնից
Չնայած նախկինում ստացած բազմաթիվ վիզաներին, Արեն Սիմոնյանն ու ընտանիքի անդամները ևս մերժում են ստացել, այս դեպքում՝ Ֆրանսիայի դեսպանատնից: Երիտասարդ տղամարդու խոսքով՝ դեսպանատուն են ներկայացրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. չի հասկանում՝ ինչու են մերժել իրենց։
«Ես որոշեցի, որ մենք կգնանք Ֆրանսիա, քանի որ հայրս 1999թ. 7 ամսով աշխատանքով եղել էր այնտեղ... բայց մեզ մերժեցին», - ասաց նա:
Անիմաստ, ժամանակի վատնում է համարել բողոքարկումը. ընտանիքի հետ այլ՝ արդեն ոչ եվրոպական երկիր ճամփորդության է մեկնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիզայի ժամադրության խնդիրը չի լուծվում. հյուպատոսարաններում ու վիզա կենտրոններում ազատ օրեր չկանՏուրիզմի միացյալ ֆեդերացիան բազմաթիվ բողոքներ է ստանում
Անհիմն մերժումների, վիզայի ժամադրության օրերի սահմանափակ թվի մասին բազմաթիվ բողոքներ Տուրիզմի միացյալ ֆեդերացիան ամեն օր է ստանում։ Ավելի քան 70 գործակալություններ միավորող կազմակերպության նախագահ Սեդա Աղբալյանի խոսքով՝ մեծ թվով մերժումներ այս տարի հատկապես Հունաստանի դեսպանատնից են քաղաքացիները ստանում։
«Հունաստանը սովորաբար նախորդ տարիներին ամենաշատ վիզաներ թողարկող, և ամենաշատը հենց Հունաստան էլ ճանապարհորդում են մեր համաքաղաքացիները, բողոքներ այդպես շատ չեն եղել: Երբեմն թղթերի և այլն, ոչ պատշաճ կազմակերպման արդյունքում է դա լինում», - «Ազատությանն» ասաց նա:
Ըստ Սեդա Աղբալյանի՝ մերժումների պատճառը դիմողների մեծ թիվն է: Ոլորտի փորձագետը վստահ է, որ վիզայի տրամադրման համար դեսպանատներում սահմանափակ տեղեր են նախատեսված: Ասում է՝ դիմողների թիվն ավելացել է ոչ միայն շուկա մտած բյուջետային ավիափոխադրողների շնորհիվ, մեծ է նաև Ռուսաստանի Դաշնության երկքաղաքացիություն ունեղող հայերի դիմումների թիվը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղական ավիաընկերությունները անհավասար պայմաններից են դժգոհումՊաշտոնական արձագանքներ
Հայաստանում Եվրամիության դեսպանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում հերքել էր, թե վիզաների տեղերը սահմանափակ են դեսպանատներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիզաների ազատականացման բանակցություններին զուգահեռ՝ հերթեր, մերժումներ«Ազատությունը» դիմել է Հունաստանի դեսպանատուն մերժումների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, սակայն դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնեցին, որ պարտավորված չեն պատասխանել նման հարցերի:
Տուրիզմի միացյալ ֆեդերացիայի նախագահը Հունաստանի ու մյուս դեսպանատների մերժումները Հայաստանի քաղաքացիների իրավունքների խախտում է համարում, շեշտում՝ բազմաթիվ հայաստանցիներ արձակուրդը Եվրոպայում անցկացնելու համար մեծ գումարներ, ժամանակ են ծախսում, հետո բախվում անհիմն մերժումների խնդրին։
«Հաճախ մարդիկ վերջին պահին մերժվում են և մեծ գումարներ կորցնում», - նկատեց նա:
Վիզաների խնդրի պատճառով որոշ տուրիստական գործակալություններ վերջին տարիներին ստիպված են զբոսաշրջիկներին ոչ եվրոպական ուղղություններ առաջարկել:
Չտեսանկարահանվելու պայմանով ոլորտի ներկայացուցիչներից մի քանիսը հայտնեցին, որ տարեցտարի իրավիճակն էլ ավելի է բարդանում, իսկ իրենք այդ ընթացքում հաճախորդներ են կորցնում:
Եվրամիության հետ ավելի սերտացած հարաբերությունների մասին բարձրաձայնող Երևանն ի՞նչ է անում այս իրավիճակում, արդյո՞ք Արտգործնախարարությունում տեղյակ են խնդրից. շաբաթներ առաջ Ազգային ժողովում նախարար Արարատ Միրզոյանը մտահոգիչ էր որակել վիզաների մերժումները, ժամադրությունների գրեթե բացակայությունը: Ասել էր, թե մշտապես եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրում են այդ խնդրին: Բայց թե դրա լուծման համար պաշտոնական Երևանը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում, արտգործնախարարը չէր ասել:
«Հնչում են տեխնիկական պատճառաբանություններից վերջացրած մինչև ֆինանսական, դեպքեր կան, ընդունում ենք հայկական դիմողի դժգոհություն, դեպքեր կան, բայց բացառիկ է սա, կանոն չեմ կարող դարձնել, որ մենք չենք կարծում, որ մեր քաղաքացու նկատմամբ, օրինակ, հարգալից վերաբերունք է դրսևորվել: Դեպքեր էլ կան բազմաթիվ, մեծ մասում առնվազն մենք առարկություն չունենք: Դա է իրենց ընթացակարգը, և իրենց որոշելիքն է վերջնական առումով», - ասել էր նախարարը:
Արարատ Միրզոյանը վիզաների խնդրի լավագույն լուծումը համարում է վիզաների ազատականացման գործընթացի հնարավորինս արագ ավարտը: Երևանն ու Բրյուսելը տարիներ տևած քննարկումներից հետո միայն անցած տարի աշնանը հայտնեցին վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին: Վրաստանի ու Մոլդովայի փորձը հաշվի առնելով՝ այդ գործընթացը կարող է 3–ից 5 տարի տևել: