Նեթանյահուն Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը նրան նամակ է հանձնել, որով առաջադրել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Նա իր հիացմունքն է հայտնել Սպիտակ տան ղեկավարի՝ «խաղաղության և անվտանգության ձգտման» համար։ Թրամփը գոհունակություն է հայտնել այդ քայլի համար։

Երկուշաբթի Վաշինգտոնում հյուրընկալելով Իսրայելի վարչապետին՝ Թրամփը մատնանշել է առաջընթացը Գազայի հատվածից պաղեստինցիների վերաբնակեցման ծրագրի շուրջ։

Լրագրողների հետ զրույցում Նեթանյահուն էլ ասել է, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը համագործակցում են այլ երկրների հետ, որոնք պատրաստ են «ավելի լավ ապագա» ապահովել պաղեստինցիների համար՝ ակնարկելով, որ Գազայի բնակիչները կարող են տեղափոխվել հարևան պետություններ։

«Եթե մարդիկ ուզում են մնալ, թող մնան, բայց եթե ուզում են հեռանալ, պետք է կարողանան հեռանալ», - նշել է նա:

Թրամփը, ի սկզբանե չցանկանալով մեկնաբանել պաղեստինցիների վերաբնակեցման ծրագիրը, միայն ասել է, որ շրջակա երկրները աջակցում են այդ գաղափարին։

Այս տարվա սկզբին Թրամփը ներկայացրել էր առաջարկ՝ պաղեստինցիներին վերաբնակեցնել և Գազայի հատվածը վերածել «Միջին Արևելքի Ռիվիերայի»։ Գազայի բնակիչները քննադատել էին առաջարկը՝ հայտարարելով, որ երբեք չեն լքի իրենց տները։ Իրավապաշտպանները ևս դատապարտել էին գաղափարը՝ որակելով այն որպես էթնիկ զտում։

Նեթանյահուն նաև հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն պաղեստինցիների հետ, սակայն հավելել, որ ցանկացած ապագա անկախ պետություն կարող է վերածվել Իսրայելը ոչնչացնելու հարթակի։ Այդ պատճառով, ըստ նրա, ինքնիշխան անվտանգության լիազորությունը պետք է մնա Իսրայելի ձեռքում։