Պաշտոնական Բաքուն մանիպուլյացիա և երեսպաշտություն է որակել Ստեփանակերտում ընդունված կոմյունիկեի մասին Հայաստանում Իրանի դեսպանի վերջին հայտարարությունները։ «Դեսպանի պնդումներն անընդունելի են և չեն համապատասխանում իրականությանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Փաստաթուղթը, որ ընդունվել էր անցած շաբաթ Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ, ընդգծում էր «Հայաստանից բռնի տեղահանված արդբեջանցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու անօտարելի իրավունքն» ու դատապարտում Հայաստանին՝ «այդ համայնքի հետ երկխոսություն չսկսելու համար։
Կոմյունիկեի հրապարակումից օրեր անց Հայաստանում Իրանի դեսպանն «Արմենպրես»-ին ասել էր, թե «Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ ներառող շինծու հասկացությունները հակասում են Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումներին և հաստատման ենթակա չեն»։ Մեհդի Սոբհանին պնդել էր, թե Իրանը պաշտոնական գրությամբ վերապահումներ է հայտնել այդ կապակցությամբ։
Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը պնդել է, թե կազմակերպության կանոնադրության համաձայն կոմյունիկեն նախապես համաձայնեցվել է անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ։
Թեհրանն ավելի վաղ պնդել էր նաև, թե չի պաշտպանում Ստամբուլում ընդունված նույնաբովանդակ բանաձևը, թեև տեղում նաև դրան էր միացել։ Արտգործնախարարության հայտարարությունից օրեր անց, սակայն, երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնել էր Ստեփանակերտ, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևին՝ հրապարակավ որևէ բառ չասելով Թեհրանի առարկությունների մասին։