Մատչելիության հղումներ

Ո՞վ է առաջնորդելու Սամվել Կարապետյանի նոր ձևավորվող շարժումը

Լրացված

Ո՞վ է առաջնորդելու կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի նոր ձևավորվող շարժումը: Հարցն այսօր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն անպատասխան թողեց՝ խոստանալով, որ առաջիկայում կտան բոլոր հարցերի պատասխանները:

«Այդ մասին հանդես կգանք հայտարարություններով: Ապագայում կունենանք էդ ինֆորմացիան, բոլոր հարցերը, որոնք հետաքրքիր են հանրությանը, կունենան պատասխաններ», - ասաց նա:

Մայր Աթոռին պաշտպանող հայտարարությունից հետո ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի մեղադրանքով: Մեկուսարանից պարբերաբար ուղերձներ հղող «Տաշիր գրուպ»-ի սեփականատերն անցած շաբաթ նաև քաղաքական կոնկրետ գործընթաց նախաձեռնելու մասին խոսեց: Շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն այլևս անելիք չունեն Հայաստանում, Սամվել Կարապետյանը հայտարարեց նոր ուժ ձևավորելու և դրա շուրջ համախմբում ապահովելու մասին:

«Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը: Ես գիտեմ՝ ինչպես անել այս ամենը։ Ու անելու ենք միասին»,- նշել էր մեծահարուստ գործարարը:

Սամվել Կարապետյանի եղբորորդին, ում տունն ու ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակը իրավապահները առավոտից խուզարկում էին, այսօր պնդեց՝ Սամվել Կարապետյանի մեկուսարանից հնչեցրած հենց այդ հայտարարությունն ու բազմամարդ հանրահավաքն էլ պատճառ է դարձել իշխանության բռնաճնշումների համար:

«Մենք տեսնում ենք կապը, եթե այդքան բազմամարդ չլիներ հավաքը, հնարավոր է՝ այսպիսի բռնաճնշումների չառերեսվեինք, բայց երբ տեսանք, որ մարդկանց քանակը տասնյակ հազարավոր, կուզեի բոլորն էլ իմանային, որ այնտեղ այն թվերը չեն, ինչ որ հայտարարում են, տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին, այսինքն, Պրոսպեկտից մինչև ԱԱԾ շենք գնում էր երթը: Դրանից հետո մենք հասկացանք, որ սաստկանալու են», - ասաց Նարեկ Կարապետյանը:

Չնայած Կարապետյանների ընտանիքն այս պահին փակագծեր չի բացում, «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել է, որ «որոշ տեղեկություններով՝ Կարապետյանների թիմում քաղաքական ուժ ձևավորելու աշխատանքներն արդեն սկսվել են, նաև լրատվամիջոց են ուզում բացել, որի ուղղությամբ ևս աշխատում են»։ Թերթը նաև գրում է, որ Սամվել Կարապետյանի մեկուսարանից անցած ուրբաթ հնչեցրած ուղերձից և այդ օրվա երթից, իշխող ՔՊ -ում մտահոգվել են, հասկանալով, որ Կարապետյանը ո՛չ նախկին է, ո՛չ թալանչի ու բացահայտ քաղաքական հայտ է ներկայացնում:

«Սամվել Կարապետյանը նոր ձայներ կարող է բերել ընդդիմադիր դաշտ, քվեարկող ձայներ». Բադալյան

«Ստեղծվում է բավական հետաքրքիր իրավիճակ, Սամվել Կարապետյանը բավական ուժեղ ֆիգուր է, ոչ քաղաքական իմասով, բայց ռեսուրսային իմաստով: Եվ դա կարող է դառնալ քաղաքական գորոծն», - ընդգծեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանը հիշեցնում է՝ առաջին անգամ չէ, որ մեծ ռեսուրսներով ինչ-որ մեկը Հայաստանում դառնում է քաղաքական գործոն: Կոնկրետ մի շրջափուլում այդպիսի գործոն դարձավ գործարար Գագիկ Ծառուկյանը: Բայց Սամվել Կարապետյանն, ըստ վերլուծաբանի, իր մասշտաբներով ավելին է, քան Ծառուկյանը, և հետևաբար պրոցեսները կարող են այլ լինել: Եվ որոշակի զարգացումների դեպքում Կարապետյանը կարող է ռիսկային դառնալ Փաշինյանի իշխանության համար:

«Մենք գիտենք, որ մոտավորապես 60-70 տոկոսը հանրության հեռու է պահում, ասում է՝ չի վստահում քաղաքական որևէ ուժի, դրա մասին սոցհարցումներ են վկայում: Հիմա հարց կարող է առաջանալ՝ Սամվել Կարապետյանը կարո՞ղ է հավակնել այդ անտարբերներից ձայներ տանելուն: Այս դեպքում պատկերը կփոխվի, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կտանեն իրենց ձայները, իսկ Սամվել Կարապետյանը նոր ձայներ կարող է բերել ընդդիմադիր դաշտ, քվեարկվող ձայներ, որոնք անտարբեր էին: Սա իշխանության համար իսկապես ռիսկ է, որովհետև կա Գյումրիի օրինակը, երբ առանձին - առանձին մասնակցելով նոր իրավիճակ ստեղծվեց», - ասաց Բադալյանը:

Ամեն դեպքում վերլուծաբանը նշում է, որ հեռանկարները կարելի է գնահատել այն ժամանակ, երբ պարզ դառնա, թե ովքեր են քաղաքական այդ նոր ուժում ներգրավում և քաղաքական այդ միավորը հերթական անգամ խոսքով է նոր լինելու, թե իսկապես որակապես նոր ուժ է ձևավորվելու:

Ինչ վերաբերում է, թե ով կլինի Սամվել Կարապետյանի նոր ուժի վարչապետի թեկնածուն, հաշվի առնելով, որ երկքաղաքացի Կարապետյանն անձամբ այդ պաշտոնում առաջադրվելու հնարավորություն չունի, ապա վերուծաբանը նշում է, որ միլիարդատեր գործարարի համար թեկնածու գտնելը խնդիր չի լինելու, նա կարող է լինել հանրությանը ոչ այնքան հայտնի, ինչպես նաև շատ հայտնի դեմք, ինչպիսին, օրինակ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է:

Ի դեպ, 2018 -ի հեղափոխությունից հետո քաղաքականությունից հեռացած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Սամվել Կարապետյանին պաշտպանող արդեն 2 հայտարարություն է արել, պնդելով՝ «այն ամենը, ինչ այսօր կատարվում է Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի նկատմամբ, ամոթալի է, անթույլատրելի և անպատվաբեր ցանկացածի համար, բայց նախ և առաջ երկրի համար»:

XS
SM
MD
LG