Իրավապահներն այսօր Մայր Աթոռի տարածք չեն ուղևորվի, առավոտյան «Ազատությանը» տեղեկացրին Քննչական կոմիտեից:
Երկու օր է Էջմիածնում սպասման մեջ էին՝ վարչապետի գրառումից հետո, թե Վաղարշապատում իրավապահների համար անհասանելի անկյուն չկա, վստահ էին՝ քննչական գործողությունները չեն ուշանա:
Ի դեպ, աննախադեպ է այն, որ իրավապահ կառույցը որևէ տեղեկատվություն է տալիս քննչական գործողությունների պլանի մասին:
Վեհարան ներխուժելու մասին տեղեկատվությունը եկեղեցականներին տակնուվրա էր արել, կեսգիշերից նրանք ուղերձներ էին հղում ուժայիններին՝ չանել այդ բանը: Մայր Աթոռի թանգարանների ու արխիվի տնօրեն Ասողիկ աբեղան սոցցանցի իր էջում հոգեկան վիշտն արտահայտեց, իր ձևակերպմամբ՝ թշնամական հարձակումների առթիվ, ու անիծեց Էջմիածին ներխուժողներին:
«Անիծելով բոլոր նրանց, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները: Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով», - գրել էր Ասողիկ աբեղան:
Ներխուժում չի եղել, այսօր չեն էլ խոստանում, իսկ Ասողիկ աբեղա Կարապետյանի անձնական անեծքն առիթ է դարձել , որ օրհնանքի ֆլեշմոբ ծավալվի իշխանականների սոցցանցի էջերում: Ավելի քան մեկ ամիս հոգևորականների վերաբերյալ ամենակոշտ բառապաշարն օգտագործող դեմքերը այժմ քրիստոնեական անսահման հանդուրժողականություն են ցույց տալիս անեծքին ի պատասխան: Թեպետ աբեղան ոչ թե նրանց, այլ՝ Մայր Աթոռ խուժել պատրաստվողներին էր անիծել:
Իսկ Նիկոլ Փաշինյանն ավելի քան 30 ժամ է ոչինչ չի գրել Կաթողիկոսի անհապաղ հեռացման անհրաժեշտության մասին: Նա երեկ Էջմիածնի ազատագրումն առաջնորդելու մասին էր ազդարարել, սակայն առայժմ հստակ քայլեր չի շարադրել: Առաջիկա երկու օրերին հավանաբար կզբաղվի արտաքին քաղաքական հարցերով:
Որ հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև պատերազմը երկխոսությամբ հանգուցալուծելու ակնկալիքը մեծ չէ, պարզ է դառնում Անթիլիասից Երևան հասած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կոչից: Մինչև այս՝ Արամ Առաջինի հայտարարություններում կարդում էինք, որ նա խորհրդակցություններ է վարում Հայաստանի իշխանության ու եկեղեցու հետ՝ լուծումներ գտնելու համար, նախորդ ամսվա վերջին Կիլիկո կաթողիկոսը նաև բանագնացներ էր ուղարկել Էջմիածին: Այժմ, սակայն, Արամ Առաջին կաթողիկոսը ամոթանք է տալիս.
«Վերջ տուեք Հայաստանի կեանքէն ներս ստեղծուած վատառողջ մթնոլորտին, ամօթ է: Ամօ՛թ է, հազա՜ր ամօթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կեանքին մէջ ստեղծուած ներկայ վատառողջ ու ապազգային մթնոլորտը։ Դժբախտաբար, հայերէն լեզուի բառերը բաւարար չեն նկարագրելու իմ ցաւս ու ընդվզումս։ Յատկապէս մթնոլորտը մեր ազգի երկու ազգակերտ ու հայրենակերտ կառոյցներէն՝ Սուրբ Էջմիածինէն ու Ազգային Ժողովէն ներս, ինծի համար խորապէս ամօթալի է ու դատապարտելի»:
Կիլիկիո կաթողիկոսը գրում է, որ վեց տարի Հայաստան չի եկել, վերջերս ցանկացել է գալ, մթնոլորտը հանդարտեցնել, բայց այս անմակարդակ իրավիճակն ու ձերբակալությունները նրան հետ են պահել՝ «քայլերն ուղղել դեպի հայրենիք»: Արամ Առաջինը, սակայն, բոլորովին անհույս չէ, հայտարարության վերջում հավելել է՝ պատրաստ է երբևէ Հայաստան գալ, խորհրդակցել Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Նիկոլ Փաշինյանի հետ՝ գուցե մի հարմար լուծում գտնվի: