Պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Արտակ Կարապետյանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, հայտնեց փաստաբան Սմբատ Մինասյանը: Առայժմ պարզ չէ՝ երբ կհրապարակվի որոշումը:
Պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, սակայն այն մերժվել է:
Դատավոր Կարապետյանն ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն էր ընդունել։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորի խափանման հարցի միջնորդությունը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Ըստ էության, գլխավոր դատախազի միջնորդությունն, ինչ ներկայացվել է Ազգային ժողովում, գրեթե նույն կոնտեքստում են քննարկումները եղել, մի փոքր տարբերություններ կային, որոնք իմ պատկերացմամբ՝ նաև դատարանի առջև եմ բարձրացրել այն հարցը, թե արդյոք սա համարվում է իրավաչափ, եթե քննիչը ԱԺ ներկայացրած միջնորդագրից տեքստից դուրս միջնորդություն է ներկայացնում», - ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը՝ հավելելով, որ այդ մասով պատգամավորի անձեռնխմելիությունից զրկվելն արդարացված չէ:
Ըստ Մինասյանի՝ նաև արդարացված չէ հիմնավոր կասկածի շեմը. «Ինչի մեջ մեղադրվում են, ես գտնում եմ, որ չկա հիմնավոր կասկած»:
Նախօրեին Սարգսյանն անձեռնմխելիությունից զրկվեց, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկեց նրան կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությանը:
Պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար: Ազատությունից զրկելու հիմքերից մեկն էլ, ըստ գլխավոր դատախազի, այն է, որ Սարգսյանը կարող է փախուստի դիմել: