Ազգային ժողովի այսօրվա նիստն էլ ընդհատվեց ծեծկռտուքով: Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները լեզվակռվից անցան բռունցքների: Անվտանգության աշխատակիցներին էլ չէր հաջողվում նրանց բաժանել: Պատգամավորական խմբերը տեղ-տեղ բռնկվում էին, հայհոյում, սպառնում ու հարվածում միմյանց:
ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը սեռական բնույթի հայհոյանքով սպառնում էր պոկել ընդդիմադիր պատգամավոր Արման Սարգսյանի վիզը, հայհոյանքը՝ տեղ հասավ, հարվածը՝ վրիպեց, ջրով շիշը ուղիղ իր թիմակցի՝ իշխանական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ճակատին տվեց:
Խորհրդարանում իրավիճակը լարվեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը ելույթից հետո: Երկրորդ օրն է՝ Ազգային ժողովում քննարկում էին նրան մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությունները:
Պատգամավորին մեղադրանքներ են վերագրվում Բագրատ սրբազանի գործով՝ ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով:
«Արդեն ամեն ինչ որոշված է, ամեն ինչ հստակ է, կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխեիությունն էլ կա, ես այս թանկ ժամանակը, որ պետք է անցկացնեմ այստեղ, ես որոշել եմ՝ կգնամ իմ անչափահաս չորս երեխաների, իմ տիկնոջ հետ կգնամ եկեղեցի մոմ կվառեմ ու կգնամ Քննչական», - հայտարարեց Արթուր Սարգսյանը:
Նրա հեռանալը Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանեց, թե հրաժարվում է հարցերին պատասխանել ու այդ պահից կողմերը տաքացան:
Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությանը Սարգսյանն ու ընդդիմադիրները ռեպլիկներով արձագանքեցին, գոռգոռոցներից հետո անցան հրմշտոցին: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էր դեպքի վայրից ուղիղ պատմում՝ ինչ էր նախորդել կռվին: Ըստ նրա՝ ՔՊ-ականներից պատգամավոր Վահե Ղալումյանը, որ վարչապետ Փաշինյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապեր ունի, վազել է հեռացող Արթուր Սարգսյանի հետևից, որ հարձակվի:
Պատգամավորների վեճը շարունակվեց դահլիճից դուրս՝ միջանցքում: Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանն էլ էր վազում քաղաքական հակառակորդների հետևից ու այդ ընթացքում իրեն սաստող մի հղի կնոջ ձեռքով հրեց: Հատկապես այս դրվագը կայծակնային արագությամբ տարածվեց կայքերում ու սոցիալական ցանցում, ավելի ուշ փոխխոսնակ Արշակյանը լրագրողներին պարզաբանեց, թե չի հրել, իր ձեռքն է փորձել ազատել:
Այս ծեծկռտուքից հետո իշխող թիմը կողմ քվեարկեց Արթուր Սարգսյանին մեղադրանք առաջադրելու ու նրան կալանավորելու միջնորդություններին: Գլխավոր դատախազը հիմնավորում էր, թե ազատության մեջ մնալով պատգամավորը կարող է խոչընդոտել քննությանը, փախուստի դիմել: Չնայած Աննա Վարդապետյանի պնդումներին, նախքան քվեարկությունը պատգամավոր Սարգսյանը որդու հետ ինքնակամ ներկայացել էր Քննչական:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները, որ ակտիվ էին այս քննարկմանը, հայտարարում էին, որ սա շինծու քրեական գործ է: Այնինչ Գլխավոր դատախզությունը հանրությանը ներկայացնում է ահաբեկչության սցենար, անհնազանդության ակցիաների նկարագրություններ են, գաղտնալսված զրույցների սղագրությունները կոնտեկստից կտրված ու աղավաղված:
Աննա Վարդապետյանի միջնորդագրերով այս շաբաթ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավոր զրկվեցին անձեռնմխելիությունից: Նախօրեին էլ իշխող ՔՊ-ն համաձայնեց, որ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի: Նրանց դեպքում կալանավորման միջնորդություն չկար: